Ուսումնական պլանի իրականացման մասին

Մաթեմատիկայի 4-րդ դասարանի ծրագրի իրականացումը համարում եմ հաջողված։ 4.1 և 4.3 դասարանների երեխաները լավ առաջադիմություն ունեն, մեծ մասը շատ ակտիվ սովորում են ու ներգրավվում դասապրոցեսին։ Տարվա ծրագիրը համարյա ավարտել ենք։ Ահա 4.1 դասարանի և 4.3 դասարանի մաթեմատիկայի փաթեթները։ Երբ կենտրոնացած ու տրամադրված են լինում, շատ ներդաշնակ է անցնում դասը, ու հեշտությամբ են կատարում առաջադրանքները։ Իրար օգնում են, բացատրում իրենց հասկացածը։ Սովորեցնելը խորապես սովորելու համար կարևոր փուլերից է, ինչը ես ողջունում եմ շատ։

Սկզբի որոշ կոնֆլիկտային իրավիճակները հետզհետե հարթվեցին, խաղաղվեցին։ Հաջողվեց դասապրոցեսին ներգրավել այնպիսի երեխաների, որոնք փակ էին, ամաչկոտ, անինքնավստահ։ Իրենց ուժերով լուծած վարժությունից հետո հաղթական ժպիտը ինձ համար առանձնահատուկ ոգեշնչում է։ Գործնականում ես տեսնում եմ, որ չկա մեկը, ով չկարողանա։ Կան ջանք չանողներ։ Դասին հաճախ եմ կրկնում, որ «եթե օրական թեկուզ հինգ րոպե ջանք թափեք նպատակի ուղղությամբ, ապա մի օր հաստատ կհասնեք ձեր նպատակին։ Օրական մի քայլ արեք թեկուզ, մի փոքր առաջ։ Անպայման կստացվի։ Ստացվում է նրա մոտ, ով փորձում է, սխալվում թեկուզ։ »

Աշխատում եմ, որ դասին մասնակցեն բոլորը՝ իրենց հնարավորություններին համապատասխան։ Անհատապես օգնում եմ, բացատրում բոլոր դիմողներին և լուռ սպասողներին։

Մաթեմատիկայի ընտրությամբ խմբի դասերը ուսումնական առաջին շրջանում միշտ չէ, որ հաջողված էի համարում։ Շատ տարբեր ունակությունների ու ձգտումների սովորողներ էին հավաքվել։ Որոշները մաթեմատիկայի նկատմամբ ոչ մի ձգտում չունեին ու դասը շատ էին խանգարում։ Բնականաբար ընդհանուր պրոցեսը դժվարացնում էր դա։ Երրորդ ուսումնական շրջանում հավաքված խմբերս բավական ներդաշնակ ու ձգտող են։ Միասնական ոգեշնչումով խնդիրներ ենք լուծում, ծրագրեր յուրացնում հանգիստ մթնոլորտում։ Դասը բազմազան ու հաճույքով ենք անցկացնում։ Ահա մաթեմատիկայի ընտրությամբ խմբի ծրագիրը և մաթեմատիկայի ընտրությամբ խմբի առաջադրանքների փաթեթը։

Եզրակացություն

Համոզվում եմ, որ ոգեշնչելը միակ միջոցն է առարկայի նկատմամբ սեր սերմանելու, դասի նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու համար։ Եվ եթե թեկուզ չի հետաքրքրում դասը, հիշողության մեջ տրավմա չի մնա։

Համոզվում եմ, որ ուսումնական պրոցեսում լիարժեքորեն մասնակից են դասավանդողը, սովորողն ու ծնողը։ Երեք կողմերի շահագրգռված աշխատանքն է ամենաարդյունավետը։

Design a site like this with WordPress.com
Get started