Ճամփորդություն դեպի Արատես-եռօրյա ճամբար Տիար Բլեյանի հետ

Համաձայն վերապատրաստման ամփոփիչ ճամբարի նախագծի՝ կրթահամալիր դիմած նոր դասավանդողներով 2023 թ․ օգոստոսի 31-ին ճանապարհվեցինք դեպի Արատեսի դպրական կենտրոն։ Օրը սկսեցինք ժամերգությամբ։ Ճանապարհին ունեցանք հայրենաճանաչողական կարևոր ունկնդրումներ և կանգառներ։ Հայրենիքը սիրելը սկսվում է այն ճանաչելուց։

Ճանապարհն անցնում էր Արարատյան դաշտով։ Մի ուրիշ ուժ ես զգում, արմատներիդ կապող հզոր էներգիա, երբ տեսադաշտում են Սիսն ու Մասիսը։ Սկզբում կանգնեցինք Սուրբ Կարապետ եկեղեցու մոտ, Արփայի կիրճի մոտակայքում։ Արատեսում ծանոթացանք բնակավայրի պատմությանը, նրա տրանսֆորմացիայի երկար ու աշխատատար ուղուն։ Կառուցված ճանապարհներով անցանք, տրված կրթական լուծումներին, բլեյանական սկզբունքներին, զարգացման հնարավորություններին։ Շատ կարևոր է տեսնել անհույս թվացող երազանքից մինչև հաջողված իրականություն տանող բարդ ուղին, նրա աշխատող ներկան ու մտովի ավելի ծաղկացնել, զարգացնել, ոգեշնչումով լցվել հանուն ապագա ծաղկած Հայաստանի ու հայերի։

Երեկոներն անցկացնում էինք խարույկի շուրջ հետաքրքիր զրույցներով, գաղափարական քննարկումներով, ազգային երգուպարի պարապմունքով ընկեր Լաերտի գլխավորությամբ։ Սովորեցինք Կոմիտասի Շորոր պարը։

Երկրորդ օրը դասավանդողներին առաջարկեցի մանդալաներ նկարել։ Մանդալաները օգտագործում են ոչ միայն հանգստանալու ու ոգեշնչվելու նպատակով, այլ նաև որպես թերապևվտիկ գործիք։ Վերլուծելով վեր հանեցինք ամենանկատելի հոգեկան բարդ տրավմաները, ինչը մանդալաներում հստակ երևում է։

Միջին դպրոցի ճամբարականների հետ քայլեցինք դեպի Խաչոց ձոր, տեսանք հրաշագեղ ջրվեժը։ Տարածքի մաքրման աշքատանքներ կատարեցինք։ Օրվա երկրորդ կեսին Արատես այցի եկան Հետք Մեդիա Գործարանի լրագրողները։ Նրանք եկել էին լուսաբանելու Արատեսի ու հարակից տարածքների փոփոխությունները ադրբեջանցիների գնալուց և հայերի վերաբնակվելուց հետո։

Վերադարձը որոշվեց ավելի շքեղացնել հայրենագիտական կանգառներով։ Կանգնեցինք Օրբելյանների տոհմական դամբարանի, Քարագլխի մոտ, Վարդենիսի եկեղեցու մոտ, Սելիմի լեռնացքով անցանք, այցելեցինք Օրբելյանների քարավանատունը։ Արտանիշի վրանային ճամբարում մեզ ընդունեցին շատ հարազատ սեբաստացիներ։ Վայելեցինք Սևանում լողալը, հանգստացանք անտառի հովին, զրուցեցինք ճամբարականների հետ։ Շողակաթ գյուղի մոտ՝ Սևանի ափին իր տեսակով եզակի՝ Տառերի պուրակով զբոսնեցինք, քարակերտ ստեղծագործությունները տեսանք։

Իհարկե ճանապարհին տեսարժան վայրեր շատ կային, որոնք չայցելեցինք։ Այդ բոլորը թողեցինք մյուս անգամներին։

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started