Աշոտ Բլեյանի հետևյալ ձևակերպման մասին քննարկում

Հիմա ես կխոսեմ ինձ սիրելի ու հասկանալի բանից, իսկ դա հանրային կրթության մեջ անհատն է՝ իր ազատություններով, և գլխավորը, որ այդ ազատությունները դրսևորվում են իր ընտրության մեջ։  Եթե հանրակրթությունը դառնում է բռնության գործիք, ինձ որևէ բան չի շեղի․․․

Այսպիսի հարցադրումներ։
Հանրակրթության պետական չափորոշիչով որոշված սովորողի նվազագույն և առավելագույն բեռնվածության մեջ  կա՞ տնային աշխատանքը, ինչպես նաև ինքնակրթությունը, լրացուցիչ կրթությունը։

Ես խնդրեցի իմ ընկերներին փնտրել պետական կրթական չափորոշիչներում, նաև արդեն ներկայացված փոփոխություններում, բայց․․․ մենք շրջանցել ենք այդ հասկացությունները։ Եվ երբ ասում ենք սովորողի ուսումնական աշխատանք, ապա միայն պարտադրանքն ենք հասկանում։ Ուսուցումը չի դառնում անհատի գործը։ Պետք է այս ամենին նույն լրջությամբ վերաբերել, ինչպես ասենք պետական բաղկացուցիչին։ Մեր բոլոր առաջարկներն այս մասին են, ի վերջո, ի՞նչ է տնային աշխատանքը։ Եթե այդքան մոնիտորինգ ենք անում, ապա նաև պարզենք, թե միջին հաշվով սովորողը տանն ինչքան ժամանակ է ծախսում շարունակելու դպրոցական պետական կրթական ծրագրով աշխատանքը ։

Փորձենք հասկանալ լրացուցիչ կրթության, ինքնակրթության ժամանակը որտե՞ղ է։ Ինչո՞ւ անձի սիրով արված գործը միշտ դարձնում ենք երկրորդական, առաջին հերթին միշտ պարտականությունն է։ Սովորողն էլի շարունակում է չօգտագործել իր ներքին աստվածատուր ռեսուրսը։ Անընդհատ խոսում ենք այդ ռեսուրսից, բայց հանրակրթությունը արհամարհանքով, մեջքով է նայում սրան։ Ցավով արձանագրում եմ մարդու  կյանքի ժամանակը, որ սովորողն ուզում է ինքնուրույն օգտագործել։ Խնդրում եմ այս կտրվածքով նայել դպրոցների գործունեությունը։

Սա հնարավորություն կտար այս նոր ձևավորվող կենտրոնները դիտել որպես լրացուցիչ կրթության կազմակերպման կենտրոններ, և բնակավայրերը, որ առաջ համայնքներ էին, հիմա բնակավայրեր, ազատ լինեին այդ բեռից, սա կստիպի վերանայել այն կազմակերպումը, որ գոյություն ունի կրթության մեջ։

Կարծում եմ, շատ տեղին հարցադրում է։ Հանրակրթական դպրոցներում սովորողների աշխատանքը միայն պարտադրանքի տեսքով է նախատեսվում և արհամարհվում նրա սիրով արված գործը։ Ինքնակրթության կամ լրացուցիչ աշխատանք չի նախատեսվում։ Այս տեսանկյունից առաջին անգամ եմ խորհում ու նկատում եմ, որ սովորողներին համահարթեցնելու ձգտումի արդյունք է դա։ Տարբերվելը չի խրախուսվում այս մոտեցմամբ։ Սովորողի ուժեղ ընդունակությունը ոչ թե ուժեղացվում է, այլ իր թույլ կողմին է շեշտը դրվում, որպեսզի բոլոր բնագավառներում իր գիտելիքը հավասարվի։ Այսօրվա պահանջներին սա չբավարարող մոտեցում է ըստ իս։

Ուժեղացնելով այն, ինչը բնությունից ուժեղ է, երբ կա ներքին մղում, սիրով արված աշխատանքով սովորողն իր կյանքի առաքելությունը կարող է բացահայտել ու իրագործել։ Ուսուցիչը կարող է այսպիսի վեհ նպատակի իրագործման մեջ մեծ ներդրում ունենալ։

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started