Ճամփորդություն-քայլարշավ Արագածի հարավային գագաթ. դասավանդողների խումբ (հուլիսի 28․2023)

Սա հրաշալի հնարավորություն էր Սեբաստացի դասավանդողների հետ ծանոթանալու համար։ Ճանապարհը բացում է նոր ծանոթությունների դռներ, հարազատացնում, ընկերացնում։

Առավոտյան հավաքվեցինք Սուրբ Երրորոդություն եկեղեցու մոտ, լուսանկարվեցինք և ուղևորվեցինք դեպի Արագած։ Քայլարշավը սկսեցինք Քարի լճի մոտից։ Որպես փորձառու արշավական ես գիտեմ, որ նույն սարը կարող է հեշտ հաղթահարվի, դժվար, հնարավոր է անգամ չստացվի հաղթահարել։ Եվ դա կախված է բազում հանգամանքներից։ Օրգանիզմի տվյալ պահի վիճակը շատ կարևոր է։ Այս անգամ ինձ վիճակվեց ոչ հեշտ սկիզբ, մինչև բացվեց երկրորդ շունչս։

Տիար Գևորգը հավատացրեց, որ կարևոր է ո՛չ թե արագ հասնելը, այլ յուրաքանչյուրի հասնելը գագաթ։ Համբերատար նա ուղեկցում ու ոգեշնչում էր վերջից եկողներին։ Իհարկե խմբային մտածողության մեջ դա նշանակալի դրութ է։ Վերելքի մասնակիցները շատ ուրախ էին։ Հին ու նոր դասավանդողների հետ զրուցելով ու լուսանկարվելով հասանք գագաթի պռնկին, որտեղ Տիար Ալբերտը Արագածյան մկրտություն իրականացրեց առաջին անգամ եկողների համար։ Ինչ խոսք, տպավորիչ էր։ Ճանապարհին օտարազգի բազմաթիվ տուրիստների հանդիպեցինք, ողջունեցինք միմյանց։ Շատ ուրախալի էր այսքան ակտիվ հետաքրքրությունը Հայաստանի գեղեցիկ լեռների ու բնության հանդեպ։

Գագաթին պաղպաղակի հյուրասիրությունը հաստատ երկար կհիշվի։

Ընթացքում աղբ հավաքեցինք, իջեցրինք մինչև մեր մեքենան։

Ապշեցուցիչ էր եղանակը։ Այն օրվա ընթացքում փոխվեց կիզիչ արևից մինչև սառը քամի, կայծակ, ամպրոպ ու անձրևի։ Ինչ-որ ժամանակ հեքիաթային սահող ամպերի միջով էինք քայլում՝ հուսալով, որ անձրևից կկարողանանք ճողոպրել։ Բարեբախտաբար մի քանի կաթիլ թրջվելով դուրս եկանք բաց երկնքի տակ, ուր մայրամուտի շողերն էին ներթափանցում, ջերմացնում մեր՝ գագաթի ուժեղ քամուց սառած մարմինները։

Քայլարշավն ավարտեցինք թեյախմությամբ, ընթրիքով ու շուրջպարով։

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started